Թուրքական բանակի հրետանին ուրբաթ օրը գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Դեկնա եւ Բեյլունիա բնակավայրերը, որոնք վերահսկում են քրդական ստորաբաժանումները։

Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման հետեւանքով վնաս է հասցվել բնակելի շենքերին եւ կենցաղային շինություններին, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քուրդ զինյալները պատասխան կրակ են բացել Ազազ սահմանային շրջանի վրա, որտեղից հրետանային արկեր են արձակվել։

Ավելի վաղ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել քրդական ստորաբաժանումների եւ Թուրքիայի կողմից աջակցվող զինված ընդդիմադիր խմբավորումների միջեւ։ Գրոհայինները փորձել են առաջ շարժվել դեպի Այն Դեկնա գյուղ եւ գրավել այն՝ Հալեպի նահանգային կենտրոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Թել Ռիֆաաթ քաղաքի վրա հարձակման համար շահավետ հենակետ ստեղծելու համար։ Սակայն, ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, քրդերը հետ են մղել թուրքամետ ուժերի առաջխաղացումը։

Հոկտեմբերի 27-ին թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս են ուղարկել երկու շարասյուն՝ զրահատեխնիկայով, զենքով, զինամթերքով եւ նյութատեխնիկական սարքավորումներով։ Ըստ քրդական աղբյուրների՝ ռազմական մատակարարումները վկայում են այն մասին, որ Անկարան պատրաստվում է անվտանգության գոտու ընդլայնման գործողության ։ 2018 թվականին քրդական ստորաբաժանումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում թուրքական զորքերը գրավել են Աֆրին շրջանը՝ Հալեպից 65 կմ հեռավորության վրա։ Այդ պահից ի վեր քրդերը շարունակել են հարձակումները թուրք զինվորների եւ սիրիական ընդդիմության գրոհայինների վրա։