Ընդդիմությունը չի կարող մեղադրել իշխանությանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի ձեւավորման գործընթացը ձգձգելու մեջ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հոկտեմբերի 29-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հենց ընդդիմության պատգամավորներն են հրաժարվում ներկայացնել փաստաթղթեր գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու թույլտվություն ստանալու համար։

«Այնուամենայնիվ, ընդդիմության երեք պատգամավոր, որոնք ներկայացված են պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովում, արդեն ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր։ Դա չի արել միայն Արթուր Ղազինյանը, որը ներկայացնում է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը։ Այնպես որ, այսօր բոլորը նրան են սպասում»,- ասաց Քոչարյանը։

Պատգամավորը նշեց, որ իշխանությունն սպասում է թույլտվությունների ստացման գործընթացի ավարտին։

«Միայն դրանից հետո հանձնաժողովը կսկսի աշխատանքը։ Կառավարող մեծամասնությունը պատրաստ է սպասել եւս մեկ շաբաթ, մինչեւ որ Ղազինյանը կողմնորոշվի։ Մենք կկատարենք մեր խոստումը եւ կանենք դա, խուսափելու համար որեւէ շահարկումից»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը։