Ակնհայտ է, որ այսօրվա Թուրքիան տարբերվում է 5-10 տարի առաջվա Թուրքիայից՝ իր ներգրավվածությամբ միջազգային և տարածաշրջանային պրոցեսներում, ավելի ավելի միլիտարիզացված է, ագրեսիվ է, ավելի անպատիժ է այսօր Թուրքիան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի գործողություններին պատերազմից առաջ։

«Թուրքիան ԱՄՆ-ի համար միշտ այս տարածաշրջանում ընկալվել է որպես ռազմավարական դաշնակից եւ գործընկեր, բայց որոշ վերապահումներով: Հայ-թուրքական հարաբերությունները Վաշինգտոնի համար միշտ եղել է առաջնահերթություն, քանի որ ԱՄՆ-ն հաշվարկում էր մեր տարածաշրջան իր ազդեցությունը կարող է ներս բերել Թուրքիայի դարպասներով: Հիմա հասկանում են, որ դա անհնար է»,-ասաց նա և նշեց, որ կա ընկալում, թե Թուրքիան ամերիկացիների համար որպես անառակ որդի է, որը հեռացել է, բայց վերադառնալու է։

Սուրեն Սարգսյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄն-ի համար նշանակում էր ռուսական գործոնի թուլացում, բաց սահմաններ. «Այսինքն եթե հարաբերությունները կարգավորվում են, Ղարաբաղի հարցը ինչ-որ կերպ լուծվում է, լեգիտիմ հարց է ծագելու, թե այստեղ ի՞նչ է անում ռուսական ռազմաբազան»:

Ինչ վերաբերում է պատերազմի օրերին, փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ն պատերազմի օրերին բավականին ծանր վիճակում էր գտնվում՝ պայմանավորված կորոնավիրուսով և ընտրություններով։

«Այս ծանր պայմաններում ԱՄՆ-ն հաստատ չէր մտածելու Հայաստանի մասին»,-ասաց նա և նկատեց, որ ԱՄՆ-ն չէր խանգարում Մոսկվային:

Միջազգայնագետը նշեց, որ ընդհանրապես պատերազմը ռազմական գործողություններ են, ռազմական բախում և դիվանագիտություն։

«Եթե ուզում ես պատերազմում պարտվել, ապա պետք է նախ բանակդ կազմաքանդես, հետո ԱԳՆ-ն, և ապահովված է քո պարտությունը։ Մեզ մոտ շատ տիպիկ իրավիճակ էր այդ առումով, և այդ պրոցեսը շարունակվում է»,-ասաց նա։