Օրինախախտ միգրանտները հաճախ են դառնում մարդկանց առեւտրի հետ կապված հանցագործությունների զհոեր, ասել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՇՀԿ նիստում։

Ուրբաթ օրը Կրասնովը տեսակապով մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների գլխավոր դատախազների նիստին, որի թեման պայքարն էր մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի սպառնալիքի դեմ։

«Ռուսաստանի գլխավոր դատախազը նշեց, որ կանանց եւ երեխաների կողքին հաճախ մարդկանց առեւտրի զոհեր են դառնում օրենսդրությունը խախտող մարդիկ պետություն մտնելու եւ այնտեղ կեցություն հաստատելու ժամանակ։ Այդ միգրանտները դառնում են հանցագործների հեշտ թիրախ։ Այս առնչությամբ դատախազության մշտական հսկողության տակ են գտնվում միգրացիոն օրենսդրության պահպանման հարցերը։ Միայն անցած տարի դատախազական ստուգումների նյութերով Ռուսաստանում հարուցվել է մոտ հազար քրեական գործ միգրացիայի ոլորտի հանցագործությունների մասին։ Այս խնդիրը սերտորեն կապված է  ստրկական աշխատանքի օգտագործման հետ, որը լատենտության բարձր մակարդակ ունի, քանի որ շատ դեպքերում իրենք՝ զոհերն են խուսափում շփումներից իրավապահ մարմինների հետ»,- ՌԻԱ «Նովոստի»-ն փոխանցում է գերատեսչության հաղորդագրությունը։

Կրասնովը նշել է, որ միջազգային իրավական նորմերի համեմատ հարկադիր աշխատանքի հասկացությունը ռուսական օրենսդրությունում էապես ընդլայնված է։ Ցանկացած աշխատանք կարող է ճանաչվել հարկադիր, եթե ապացուցված են նրա կամովին չլինելը եւ պատժի կիրառման սպառնալիքի առկայությունը։ Դատախազական արձագանքը կիրառվում է այն դեպքերում, երբ գործատուներն անտեսում են օրենքի պահանջները աշխատողների հետ աշխատանքային հարաբերություններ ձեւակերպելիս։ Կասեցվում են պայմանագրերի կնքման փաստերը, որոնք անհրաժեշտ իրավական եւ սոցիալական երաշխիքների տրամադրում չեն ապահովում։

Կրասնովի խոսքով՝ մարմնավաճառության հետ կապված հանցագործությունները կազմում են Ռուսաստանում մարդկանց առեւտրի ոլորտում բացահայտվածների 99 տոկոսը։ Նա նշել է, որ մարդկանց առեւտուրը Ռուսաստանում դիտարկվում է որպես համալիր երեւույթ, իսկ դրան հակազդելուն խանգարում են ահաբեկչական եւ ծայրահեղական բնույթի ավելացող մարտահրավերները, չվերահսկվող միգրացիոն գործընթացները, դարքնեթի եւ կրիպտոարժույթների օգտագործումը։

«Իրավակիրառ գործունեության իրականացվող մշտական մոնիթորինգը՝ կապված թրաֆիքինգի հետ, վկայում է, որ Ռուսաստանում դրա դրսեւորումներից ավելի հաճախ հանդիպում է կանանց եւ երեխաների սեռական շահագործումը։ Օրինակ, 2020թ. մարմնավաճառության մեջ ներգրավվելու եւ դրա կազմակերպման հետ կապված հանցագործությունները կազմել են մարդկանց առեւտրի ոլորտում ընդհանուր բացահայտվածների 99 տոկոսը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։

Գերատեսչության տվյալներով՝ ամեն տարի դատախազները դատարանում փորձում են հասնել հազարավոր ինտերնետ-ռեսուրսների փակման, որոնք քարոզում են մարմնավաճառություն եւ պոռնոգրաֆիա երեխաների մասնակցությամբ, ինչպես նաեւ այն ռեսուրսները, որոնք օգտագործվում են նրանց ահաբեկչական, ծայրահեղական կամ այլ հանցավոր գործունեության մեջ ներքաշելու համար։ Այս առնչությամբ Կրասնովը հրավիրել է ՇՀԿ փորձագետներին հաջորդ գարնանը մասնակցել ռուսական կողմի կազմակերպելիք սեմինարին տեղեկատվական դաշտում երեխաների անվտանգության հարցերի վերաբերյալ, որը 2020թ. չկայացավ համավարակի պատճառով։

Ընդ որում՝ գլխավոր դատախազը կարծում է, որ Ռուսաստանում արդեն ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ մարդկանց առեւտրի (ներառյալ համապատասխան քրեական ոտնձգությունները կանանց եւ երեխաների հանդեպ) բոլոր ձեւերին հաջող դիմակայելու պայմանները։ Բացի այդ, նրա խոսքով՝ Ռուսաստանում մարմնավաճառությունը կանխելու նպատակով «կարեւոր նշանակություն են տրվում ընտանիքի ինստիտուտի աջակցմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, անչափահասների (ներառյալ առանց ծնողների խնամքի մնացած երեխաների) համալիր պաշտպանությանը»։