Թուրքիայի նախագահ Էրդողանը ինչ ուզում անում է, որտեղ ուզում անում է ու դրա համար երբեք չի պատժվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը:

«Մտնում է Սիրիա ցեղասպանություն է կազմակերպում, մտնում է Իրաքի ինքնիշխան տարածք, քրդերի նկատմամբ գիտեք ինչեր է անում, Վաշինգտոնի կենտրոնում ծեծում է ԱՄՆ քաղաքացիներին ու դրա համար էլ չի պատժվում: ռուսական ինքնաթիռ է խոցում ու չի պատժվում: Որովոհետեւ առաջին հերթին ունի շատ ուժեղ բանակ, դարձել է տարածաշրջանային լուրջ խաղացող եւ ըստ էության, գնում է մեծ Թուրանի իրականացման ճանապարհով»,-ասաց նա:

Սուրեն Սարգսյանը նկատեց, որ այդ համատեքստում ամենակարեւոր գործոնը Սյունիքն է. «Բոլորի համար խնդրահարույց է Սյունիքի կարգավիճակի որեւէ փոփոխությունը, որովհետեւ Սյունիքը Իրանի համար ոչ թե արտաքին սահման է, այլ նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միակ ցամաքային սահմանն է եւ միակ ճանապարհն է Սեւ ծով դուրս գալու, եթե ուզում է Թուրքիայից անկախ ճանապարհով դուրս գալ: Եթե Իրանը կորցնում է Սյունիքի սահմանը, ինքն ընկնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության տակ: Սա լուրջ խնդիր է, դրա համար իրանական բանակը կանգնած է Նախիջեւանում:

Բնականաբար կան աշխարհում պետություններ, որոնց ռազմական պլանավորման մեջ գրված է, որ շատ լավ կլինի, եթե Իրանը զրկվի արտաքին սահմաններից: Իրանը դա հասկանում է: Բնականաբար, ԱՄՆ-ի գլխավոր ախոյանը այստեղ հիմա Իրանն է»,-ասաց նա: