Սեպտեմբերի 22-ին մենք մեր կայքում հրապարակեցինք նյութ, որտեղ փաստարկված նշվում էր, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական արկածախնդրության. դա ակնհայտ էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Սեպտեմբերի 25-ին մարդիկ արդեն հսականում էին, որ պատերազմը օրերի հարց էր։ Մի շատ պարզ բան, պատերազմից հնարավոր էր խուսափել։ Ես պնդում եմ, նույնիսկ պետական կառավարման, պաշտպանական ավերված համակարգերով սեպտեմբերի 25-ին, 27-ին, 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ, եթե նույնիսկ չհաղթելու, ապա ոչ ոքի անելու։ Իսկ գուցե նաև հաղթելու։ Նույնսիկ այդ խայտառակ կառավարման պայմաններում Ադրբեջանից պահանջվեց 44 օր ինչ-որ բանի հասնելու համար։ Իրենք գործում էին վերջին ռեսուրսներով։ Ես ասում եմ՝ նախկինում եղել են սխալներ, բայց դրանից ոչ մեկ չի կանխորոշել պատերազմի սկիզբը, դրանցից ոչ մեկ չի կանխորոշել պարտությունը»,-ասաց նա։

Նրա խոսքով, պատերազմի պարտության մասին հարցերին պատասխան տալու համար պետք է լինեն քրեական գործեր, որոնք կպարզեն, պարտությունը դիտավորյա՞լ էր, թե՞ անշնորհքության, անկազմակերպվածության հետևանք։

«Եթե մի կողմ դնենք թշնամու հետ համաձայնություն ունենալ-չունենալու հարցը, եթե ասում ենք պետական դավաճանություն, դա պատկերացնում ենք, որ Էրդողանը կամ Ալիևը փող է տվել, որի դիմաց այստեղ քայլեր են արվել։ Բայց մի՞թե պետական դավաճանություն չէ  նախագահի կամ վարչապետի երդումը դրժելը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պատասխանների առումով հիմարությունների շարանը թույլ չի տալիս իրեն հավատալ, որ պարտությունը պատահականություն է։

«Դա անհնրաին է բացատրել զուտ ապուշությամբ, քանի որ այդ կարգի ապուշները չէին կարող իշխանությունը պահել։ Մենք շատ լավ տեսանք, թե ինչպիսի վճռականությամբ պայքարեցին իշխանության համար այն պայմաններում, որի դեպքում Չերչիլը չկարողանար իշխանությունը պահել։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ իշխանություն պահել, ո՞նց է լինում, որ մի հարցում վիրտուոզ աշխատանք է, մյուս հարցերում նման տապալումներ են։ Այս հարցերը պետք է բարձրացնեն իրավասու մարմիններն ու քրեական գործերում ներգրավվեն տարբեր խաղացողների»,-ասաց Վրթանեսյանը։