ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը կոնկրետ նպատակ են հետապնդում։ Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ դա պոպուլիզմի մրցույթ չէր։ «Դրանք հարցերի պատասխան են, որոնք, եթե ոչ այսօր, ապա վաղը մեզ թույլ կտան կոնկրետ քրեական գործեր հարուցել եւ պատասխանատվության ենթարկել կոնկրետ անձանց։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ մինչ պատերազմը բացի հասարակության համար տեսանելի գործոններից եղել են նաեւ վստահություն առաջացնող ռադիոկլանում։ Այսինքն՝ կլանվել է որոշակի տեղեկություն, եւ դա եւս մեկ անգամ հաստատում է այն, որ պատերազմը պետք է սկսվեր։ Կլանումն իրականացվել է պատերազմից երկու օր առաջ։ Այսինքն՝ այդքան գործոնների առկայության պայմաններում Փաշինյանը, ինչպես նաեւ երկրի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան գործողություններ չեն իրականացրել։ Այդպիսով, հիմք է դրվել պատերազմում մեր պարտության համար»,-ասաց Աբրահամյանը։