Մենք գործողություններ ենք սպասում Վաշինգտոնի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ համաձայնության կարելի է հասնել հնարավորինս կարճ ժամկետում, եթե ԱՄՆ-ը իրանական միջուկային համաձայնագրի վերսկսման պատշաճ ծրագիր ներկայացնի եւ հրաժարվի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները պահպանելու քաղաքականությունից: «Մենք գործողություններ ենք սպասում Վաշինգտոնից»,- հավելել է Իրանի ներկայացուցիչը։

Խատիբզադեն նշել է, որ ամերիկացի պաշտոնյաների «պարադոքսալ հայտարարությունները» պատճառ են դարձել, որ Վիեննայում բանակցությունները ձախողվեն՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակում է մի կողմից՝ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը, մյուս կողմից՝ խոսում է պատժամիջոցների վերացման մասին։

«Ապօրինի պատժամիջոցների չեղարկումը չի պահանջում նման բարդություն, նախաբան, վերջաբան կամ կանաչ, դեղին ու կարմիր ցուցակների կազմում»,- ասել է նա։

ԻԻՀ արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանն ու Վաշինգտոնը ուղղակի կամ անուղղակի շփումներ չեն ունեցել։ «Բնականաբար, (ԱՄՆ-ի հետ) որեւէ ձեւով եւ ձեւաչափով բանակցություններ չեն լինի, քանի դեռ ԱՄՆ-ը չի շտկել իրավիճակը»։