Վեցի հարթակում կարելի է քննարկել ամեն ինչ, բացի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում օրակարգում է եղել տարածաշրջանի վեց երկրների հարթակի ձեւավորման հարցը:

Այդ վեց երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։

«Ես բարդ եմ պատկերացնում, թե ինչպես են նույն սեղանի շուրջ նստելու Հայաստանն ու Ադրբեջանը, սկսեն ինչ–որ հարցեր քննարկել, որը չներառի Ղարաբաղի հակամարտությունը։ Չեմ ուզում սկեպտիցիզմով մոտենալ այդ հարթակին, բայց մեծ խոցելիություն կարող է բացվել, եթե այդ հարթակ տեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումները»,– ասաց Հայկ Մամիջանյանը։

Թեեւ պատգամավորը վաղ է համարում խոսել 6–ի հարթակի, այլ կերպ ասած՝ 3+3 ձեւաչափի ստեղծման մասին, սակայն ընդգծում է, որ Հայաստանը  չպետք է թույլ տա, որ այդ հարթակում քննարվի  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է այդ մանդատը տեղափոխել այլ կառույցներ։ Սա Հայաստանը չպետք է թույլ տալ։ Ինչ վերաբերում է 6–ի հարթակի ստեղծմանը, ապա Հայաստանը չի կարող անմասն մնալ տարածաշրջանային գործընթացներից, ուստի ես չեմ հայտարարի, թե պետք է մերժել 3+3 ձեւաչափը»,– նշեց Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության վերաբերյալ Հայաստանի Կառավարությունը պարզաբանում չի տվել։ Հայտնի չէ, թե ինչ ֆորմատով է կայացել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քննարկումը։

Մանրամասները՝ տեսանյութում։