YouTube-ում հայտնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Վրաց Պատրիարք Իլյա Երկրորդի բանակցությունների նոր տեսագրությունը։

Կաթողիկոսները զրուցել են ռուսերենով։ Ինչպես երեւում է տեսահոլովակում, հայ կաթողիկոսը եւ հանդիպման մյուս վկաները լավ տրամադրություն են ունեցել։

Հիշեցնենք, որ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հունիսի 19-ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել էր.   «Գարեգին Երկրորդը երիտասարդ է, եւ, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չէր ցանկացել գնահատական տալ Գարեգին Բ-ի հասցեին Վրաց պատրիարքի արած հայտարարությանը: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա  Մելիքյանը, «Ամենայն հայոց կաթողիկոսը Իլյա Երկրորդի հանդեպ հարգանք է տածում եւ հարգում է նաեւ նրա փորձառությունը»,-հայտարարեց Մելիքյանը` հավելելով, որ ասվածը լավագույնս արտահայտում է Մայր Աթոռի դիրքորոշումը Վրաց պատրիարքի` Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին արված  հայտարարությունների վերաբերյալ:»