Նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն արձանագրվել է հայ-վրացական բազմաբեւեռ հարաբերությունների եւ փոխգործակցության բարձր մակարդակը: Զրույց է ծավալվել երկու երկրների իշխանությունների տարբեր թեւերում առկա գործընկերային հարաբերությունների եւ դրանց ընդլայնման շուրջ: Այս համատեքստում  ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները չափազանց կարեւոր են բարեկամ երկրի հետ համատեղ աշխատանքային օրակարգեր ունենալու տեսանկյունից: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ  Վրաստանի հետ բոլոր ոլորտներում  համագործակցության խորացումը բխում է եղբայրական եւ հարեւանային  շահերի առաջնահերթություններից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի ՍԴ նախագահը կարեւորել է Հայաստան կատարած այցը՝ շեշտելով, որ երկու երկրների օրենսդիր մարմինների օրինակելի փոխգործակցությունը կարեւոր ցուցիչ է սահմանադրական դատարանների համար: Նրա խոսքով՝ Վրաստանի ՍԴ նիստերին իրենց մասնակցությունն են բերում պատգամավորները, ինչը մեծապես օգնում է օրինաստեղծ պրակտիկայի կատարելագործմանը:

Կողմերը քննարկել են գործընկերային ամուր հիմքեր ունեցող ծրագրերի իրականացմանը միտված հարցեր: