ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգը կարելի է կատարելագործել եւ հարմարեցնել օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

«Քննարկեցինք Հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ձեւավորմանն անհրաժեշտ միջոցները, ինչպես նաեւ ռազմական նշանակության համատեղ համակարգերի զարգացումը։ Դա վերաբերում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հարմարեցմանը օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը, Համագործակցության պետությունների զինված ուժերի կապի Համատեղ (միավորված) համակարգի կառուցման կատարելագործմանը»,- ասել է Շոյգուն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի նիստից հետո։

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները նաեւ հավանություն են տվել համագործակցության համակարգի զարգացման հիմնական ուղղություններին ռազմական կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում, ինչպես նաեւ Պետական ռադիոլոկացիոն ճանաչման  միասնական համակարգին։

ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են եկող տարվա համատեղ միջոցառումների պլանը եւ որոշել ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Որոշվել են ռազմական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, եւ հաստատվել է 2022թ. համատեղ միջոցառումների պլանը»,- նշել է Շոյգուն։

Նա նաեւ ասել է, որ ԱՊՀ երկրների բոլոր ռազմական նախարարությունները նիստի ընթացքում հաստատել են իրենց առջեւ կանգնած ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների բնույթի միասնական ընկալումը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրները 2022թ. կանցկացնեն հակաօդային պաշտպանության համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժություն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պաշտպանության նախարարների Խորհուրդը որոշում է ընդունել անցկացնել «Տարածաշրջանային անվտանգություն – 2022» հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժություն»։

Բացի այդ, եկող տարի կկազմակերպվեն երրորդ ռազմամարզական խաղերը՝ նվիրված ԱՊՀ պաշտպանության նախարարների Խորհրդի 30-ամյակին։ Նիստի մասնակիցները պայմանավորվել են նաեւ «խորացնել գործնական փոխգործակցությունը ռազմատեղագրական եւ հիդրոօդերեւութաբանական ապահովման ոլորտում»։