«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ։

Ինչպես տեղեկացրել են ԱԺ մամուլի ծառայությունից, Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ղեկավար Ա. Կոնջորյանը ընդգծել է երկու երկրների հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը։ Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցությունը։

Ա.Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի խնդրին։ Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնց հետեւանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտ խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ։

Հանդիպման ընթացքում արծարծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը։

Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները այսուհետ եւս սերտորեն կհամագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարող է էապես նպաստել արդյունավետ հարաբերությունների խորացմանը։