NEWS.am-ի տեղեկություններով՝ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հնչած կրակոցների հետեւանքով մահացել են քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտուշը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ ժամը 02։45-ին։

Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հենց նախկին պատգամավորի տանը։ Վիրավորում է ստացել նաեւ նրա որդին։

Այդ կրակոցների հետեւանքով կա չորս սպանված, չորս վիրավոր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Նշենք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ եւ գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Նշենք, որ նախկին պատգամավորը ծնվել է 1960 թվականի հունիսի 2-ին Երեւանում:

1982 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 5 ընտրատարածքից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: