Այս պահին Շուռնուխ–Որոտան ճանապարհին եմ, մառախուղ է, աչքիս առաջը չեմ տեսնում, չգիտեմ՝ հակառակորդը դիմացս դուրս կգա՞, թե՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի պարտականությունները կատարող Կարեն Քոչարյանը։

«Էս մառախուղին, ճանապարհ չունենալով, ես սնունդ եմ տանում մեր բնակչությանը, ով պիտի սրա մասին մտածի՞։ Նախ Բարձրավանի մանկապարտեզի ու բնակչության համար սնունդ բերեցինք, այս պահին էլ դեպի Շուռնուխ եմ գնում։ Գորիս–Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ փակ է։ Դեպի երեք գյուղ՝ Բարձրավան, Որոտան եւ Շուռնուխ ճանապարհ չկա, կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որով ես երեք ժամ է փորձում եմ հասնել այդ գյուղերը, բայց դեռ ընթացքի մեջ եմ, որովհետեւ շինարարություն է ընթանում, տեխինկա է աշխատում, հետեւաբար ճանապարհներն անանցանելի են»,– ասաց Կարեն Քոչարյանը։

Նա նշեց, որ Բարձրավանում դիալիզ ընդունող հիվանդ կա, եւ չգիտեն, թե շտապօգնությունը ինչպես պետք է տեղ հասնի, որ նրան եւ առողջական այլ խնդիրներ ունեցող բնակիչներին օգնեն։

Հիշեցնենք՝  նոյեմբերի 11–ից փակ է Գորիս–Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետեր է տեղադրել։