SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի  11-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով: 

Այդ օրը՝ երեկոյան, ոստիկանության  Շենգավիթի բաժին  ահազանգ է ստացվել Արաշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 56-ամյա Սենիկ Մ.-ից, ով հայտնել է, որ  նույն օրը՝ ժամը  09:00-ից  մինչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք  հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և 2-րդ հարկի ննջասենյակներից գողություն են կատարել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Շենգավիթի քննչական բաժնի խումբը ավագ քննիչ  Մովսիսյանի գլխավորությամբ: 

Արդեն տեղում Սենիկ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը տանից հափշտակել են  գումար և ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սենիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն աշխատում է  «Բագարանի բարիք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: