Համաշխարհային ավտոարդյունաբերությունը ենթարկվում է փորձությունների, գրում է «Իզվեստիան»։ Միկրոչիպերի անբավարարությանը կհաջորդի մագնիումի պակասի սպառնալիքը։

Այդ մետաղի արդյունահանումն ու օգտագործումը կրճատել է նաեւ Չինաստանը՝ էներգետիկ խնդիրների հետ կապված։ Մագնիումն անհրաժեշտ է ալյումինի համաձուլվածքի համար, որը լայնորեն օգտագործվում է ավտոմեքենաների արտադրությունում։

Մագնիումի պակասի հետ կապված իրավիճակը նախ եւ առաջ պայմանավորված է նոր բնապահպանական պահանջներով։ Չինաստանի մի շարք նահանգներ ընթացիկ տարվա սեպտեմբերից ստիպված են եղել կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, որպեսզի համապատասխանեն անհրաժեշտ ցուցանիշներին։ Էլեկտրականության շարունակական անջատումները հետեւանք են նոր բնապահպանական քաղաքականության։ ՉԺՀ-ն նախատեսում է կրճատել ածխի օգտագործումը։

Դա հանգեցրել է ձեռնարկությունների աշխատանքի խափանումների, այդ թվում եւ նրանց, որոնք կապված են մագնիումի արդյունահանման եւ արտադրության հետ։ Չինաստանը արտադրում է այդ մետաղի համաշխարհային ծավալի մոտ 90 տոկոսը։ Արտադրության կրճատումը ակնթարթային ազդեցություն է թողնում մատակարարումների ողջ շղթայի վրա։

Չինական մագնիումից հատկապես կախված է Եվրամիությունը։ Եվրոպայում օգտագործվող մագնիումի 95 տոկոսը ստացվում է ՉԺՀ-ից։

Հոկտեմբերի վերջին Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիան (ACEA) եւ էլի 11 արդյունաբերական առեւտրային ասոցիացիաներ հանդես էին եկել նախազգուշացմամբ մագնիումի վերահաս անբավարարության մասին։ Բիզնեսը կարծում է, որ նոյեմբերի վերջին Եվրոպայում կսպառվեն մագնիումի պաշարները, դա կհանգեցնի ձեռնարկությունների փակման եւ աշխատակիցների կրճատման։

Դեֆիցիտը կարող է վերաբերել ոչ միայն նոր ավտոմեքենաների շուկային, այլեւ դրանց պահեստամասերին։ Ինչպես նշել է Autodoc.ru ավտոպահեստամասերի վաճառքի մարքեթփլեյսի նախագահ Վլադիսլավ Սոլովյովը, առաջին հերթին հարվածի տակ կհայտնվեն վերին գնային շեմի եւ պրեմիում դասի ավտոմեքենաների դետալները։