Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ուկրաինացի խորհրդարանականներին ուղեկցել են Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը եւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Երեւանում մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության միջոցառումները, որոնց մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ուկրաինայից ավելի քան 70 հյուր։ Պատվիրակների թվում են Ուկրաինայի տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ եւ մեդիա փորձագետներ, խոշոր լրատվամիջոցների լրագրողներ, գիտնականներ, Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայ բժիշկներ, հասարակական գործիչներ եւ մարզիկներ։

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները նախօրեին բացեցին «Հայաստան ես եկել` ծառ տնկիր» ծրագիրը։ Ուկրաինայի պատվիրակության անդամները Երեւանում 100 ծառ տնկեցին՝ սկիզբ դնելով նոր ծրագրին։

Այսօր Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթանում է Ուկրաինայի հայերի միության համաժողովը, նաեւ կկայանա սքեյթ պարկի բացումը՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին, սքեյթ պարկի բացման արարողության հյուրերի համար համերգ է նախատեսված` ուկրաինացի եւ հայ աստղերի մասնակցությամբ: