Կրասնոգորսկում դատարանի որոշմամբ ծանոթի սպանության կասկածանքով տղամարդ է ձերբակալվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՔԿ-ի Մերձմոսկվայի շրջանի գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադիյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Վրադիյը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին Կրասնոգորսկի Գոլյեվո գյուղի առանձնատան ամառային խոհանոցում տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Մի քանի օր անց կասկածյալը՝ սպանվածի ծանոթը, ձերբակալվել է Լյուբերցիում:

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրն իրավապահ մարմիններում պատմել էր, որ սպանվածը քրեական հեղինակություն Հայկ Հարությունյանն է։ Տղամարդն ուներ մի քանի բիզնես, որոնք իր անունով չէին գրանցված։

«Դատարանը 52-ամյա տղամարդու է ձերբակալել, ով կասկածվում է 1969 թվականին ծնված իր ծանոթի սպանության մեջ»,- ասել է Վրադիյը։

Վրադիյը հայտնել է, որ քննիչներն առգրավել են հանցագործության գործիքը, հարցաքննել են վկային ու կասկածյալներին եւ առերեսում են անցկացրել։ Նշանակվել են դատաբժշկական, բալիստիկ եւ մոլեկուլային գենետիկայի փորձաքննություններ: