ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ռուսական հակաարբանյակային հրթիռի փորձարկումն անվանել է «անխոհեմ», որն, իբր, հանգեցրել է «բեկորների ձեւավորմանը, որն այժմ վտանգ է ներկայացնում միջազգային եւ չինական տիեզերական կայանների համար», հայտնում է Reuters-ը։

«Դա ստեղծեց շատ աղբ…Դա անխոհեմ գործողություն էր Ռուսաստանի կողմից»,-ասել է Ստոլտենբերգը: «Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը նոր սպառազինության համակարգեր է մշակում»,-ասել է նա՝ ընդգծելով Երկրի վրա արբանյակներով կառավարվող համակարգերի պաշտպանության կարեւորությունը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 15-ին ՌԴ ՊՆ-ն հաջողությամբ փորձարկում է անցկացրել, որի արդյունքում խոցվել է 1982 թվականից ուղեծրում գտնվող ռուսական չգործող «Ցելինա-Դ» ատիեզերանավը։  

Ռուսական պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ նմանատիպ փորձարկումներ արդեն իրականացրել են ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Հնդկաստանը, գրում է ՌԻԱ Նովոստին։