Այն հանգամանքը, որ Հայաստանի ԱԺ–ն այս պահին շարունակում է  իր աշխատանքը, դա պայմանավորված է նրանով, որ մեզնից յուրաքանչյուրը վստահ է մեր բանակի, զորքերի վրա, իրենք իրենց աշխատանքն են կատարում՝ պաշտպանում են հայրենիքը, մենք էլ մեր աշխատանքը պետք է կատարենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Երբ այս տարվա գարնանտը տեղի ունեցան հայտնի դեպքերը, մեր երկրի ղեկավարությունը հատուկ նշեց, նաեւ չհասկացողների համար, որ Ադրբեջանն այդ սադրանքն իրականացրել է ռազմաստրատեգիական իմաստով կարեւոր մի հատվածում,. Որը հետապնդում է հեռակա նպատակներ: Եթե ինչ-որ մարդիկ հույս ունեին, որ այդ հեռակա նպատակներն ինչ-որ պահի կարող են իրականացնել եւ դրանով ամեն ինչ կավարտվի, դա այդպես չի:

Մենք գտնվում ենք ՀԱՊԿ համակարգում և այդ համակարգի անդամներից ոչ մեկ չի կարող «ուպրիկատ» անել ՀՀ կողմին, որ մենք մեր պարտավորությունները չենք կատարել, բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից՝ ՀԱՊԿ անդամ մեր գործընկերների լռելյան պահվածքի ներքո, որը, կներեք համարձակությանս համար, որոշ դեպքերում հիշեցնում  է նաև պայմանավորվածություն, անթույլատրելի է։ ՀԱՊԿ գործընկերները պետք է հականան, որ մենք միշտ ունեցել ենք և այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն, և եթե մեր այդ գործընկերները չկատարեն իրենց պարտավորությունները և պարտականությունները, այլ ոչ թե մենք խնդրենք իրենց, այլ իրենք պարտավորն են կատարել իրենց պարտականությունները, ապա ես որպես ԱԺ պատգամավոր, ում շատերը համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, հնարավորության դեպքում կբարձրացնեմ ՀԱՊԿ շրջքանակներում մեր հետագա գործունեության նպատակայնության հարցը»,–ասաց նա։