«Վիվա-ՄՏՍ»–ը տեղեկացնում է, որ հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից։ Ընկերությունը նման հայտարարություն է արել` հավելելով, որ նման զանգերն ու նամակները պետք է անտեսել և ոչ մի դեպքում հետ զանգեր չկատարել։

«Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ընկերությունը հորդորում է զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար և հետևել պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։