Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից մի քանիսի ընտրացուցակը գլխավորող թեկնածուները հայտարարում են ընթացող քարոզարշավի դադարեցման մասին։

Վանաձորում «Հայրենիք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վահե Դոխոյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, թշնամին հերթական ռազմական արկածախնդրությանն է դիմել։ Ցավոք ունենք զոհեր և վիրավորներ։

Ցավակցում եմ զոհված քաջերի ընտանիքների անդամներին և հարազատներին: Վիրավորում ստացած եղբայրներիս մաղթում եմ արագ ապաքինում։

Այս պահին մեզ համար չկա և չի կարող լինել որևէ այլ գաղափար կամ գործունեություն, քան ցանկացած եղանակով մեր երկրի և մեր բանակի կողքին լինելն է:

Աղոթում եմ առ Աստված մեր Հայրենիքի անվտանգության և յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հայի կյանքի ու առողջության համար։

Աստված մեզ պահապան»։

Ավելի վաղ քարոզարշավի դադարեցման մասին հայտարարել էր նաև Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Սիրելի համաքաղաքացիներ, ընկերներ, ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի կապակցությամբ` դադարեցնում ենք ակտիվ քարոզարշավը»:

Արմավիրի գործող քաղաքապետ, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանն էլ գրել է. «ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված դադարեցնում ենք քարոզարշավային հանդիպումները քաղաքացիների հետ: Խաղաղություն մեր երկրին, փառք հայոց բանակին»։