Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության հետ կապված մտահոգություն է հայտնել։ Այս մասին ասվում է ԵԽ կայքում։

«Ես մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով։ Այդ միջադեպերն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Հրադադարի մասին լուրերը ողջունելի են, եւ ես երկու կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասել է նա։

Նա հավելել է․ «Միանալով կազմակերպությանն ավելի քան 20 տարի առաջ՝ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է լինի անփոփոխ եւ խստորեն պահպանվի»։

«ԵԽ-ն կրկին հայտարարում է ԵԱՀԿ ՄԽ-ին իր աջակցության մասին, որը ջանքեր է գործադրում՝ աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել երկու անդամ պետությունների միջեւ երկխոսությանը՝ վստահության ամրապնդման եւ հաշտեցման աջակցության նպատակով»,-հավելել է ԵԽ գլխավոր քարտուղարը։