Հայտնի է դարձել Comedy Wildlife Photography Awards-2021 (CWPA) մրցանակաբաշխության հաղթողը։ Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն։ Վայրի բնության ամենազվարճալի լուսանկարը 2021 թվականին եղել է «Օ՜յ» (Ouch!) անվանմամբ լուսանկարը, որում պատկերված է արու կապիկը, որը նստած է մետաղալարի վրա:

Լուսանկարն արվել է Քեն Ջենսենի կողմից Չինաստանում՝ 2016 թվականին ընտանեկան հանգստի ժամանակ։

Լուսանկարչի խոսքով՝ իրականում այդ պահին արուն իրեն ագրեսիվ էր պահում, սակայն ճիշտ պահը նկարը վերածել է գլուխգործոցի։ «Ուշադրությունը, որին արժանացել է իմ աշխատանքը վերջին մի քանի ամիսների ընթացքում, անհավատալի է: Այնքան հիանալի զգացողություն է իմանալ, որ քո լուսանկարը ամբողջ աշխարհում մարդկանց ստիպում է ժպտալ»,-կիսվել է Ջենսենը:

Գլխավոր մրցանակը մեկշաբաթյա սաֆարի է Քենիայի Մասայի Մարա արգելոցում։ Ջենսենը նաեւ դարձել է յուրօրինակ ձեռագործ գավաթի, տեսախցիկի համար նախատեսված պայուսակի եւ այլ հուշանվերների սեփականատեր։

Ընդհանուր առմամբ, այս տարի մրցույթի ժյուրին ուսումնասիրել է ավելի քան 7000 հայտ եւ ընտրել եզրափակիչի 42 մասնակցի։  

Կենդանիների զվարճալի լուսանկարչության միջազգային մրցույթը հիմնադրվել է 2015 թվականին լուսանկարիչներ Փոլ Ջոնսոն-Հիքսի եւ Թոմ Սալլամի կողմից, ովքեր հումորով ցանկանում էին նպաստել վայրի բնության պահպանմանը: Ամենամյա մրցույթի նպատակը ոչ միայն վայրի բնության աշխարհի մասին տեղեկացվածության բարձրացումն է, այլեւ դրա պահպանումը։