Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 18-ի նիստում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, 462,25 մլն դրամ հատկացրեց 4 մարզերի 4 համայնքներում 4 սուբվենցիոն ծրագրերի իրագործման համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ համայնքներն այդ ծրագրերով իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է:

Նա տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզում մեկ ծրագիր է՝ 5 մլն դրամ, Գեղարքունիքում  մեկ ծրագիր է՝ 7 մլն, Լոտռու մարզում մեկ ծրագիր է՝ 5,2 մլն եւ Շիրակի մարզում մեկ ծրագիր՝ 441 մլն դրամի:

«Այս վերջին ծրագիրը Գյումրի քաղաքին է վերաբերում: Ծրագիրը 881 մլն դրամ արժողություն ունիԳյումրիում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքակային ամբողջ ավտոբուսային պարկը թարմացնենք: Ծրագրի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»,-ասաց Սանոսյանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանուր առմամբ 2021 թվականին 47 մլն սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, իսկ 2018-ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել. «Բացի դրանից կառավարությունը նաեւ ուղիղ ներդրումներով է ծրագրեր իրականացրել համայնքներում: Միայն ուղիղ ծրագրերով 2018-ից ի վեր համայնքներին տրվել է շուրջ 86 մլրդ դրամ: Այսինքն ստացվում է, որ սուբվվենցիոն ծրագրերով եւ ուղիղ ներդրումներով, մենք շուրջ 400 մլն դոլարի ներդրում ենք արել համայնքներում:

2022-ի բյուջեի նախագծով նախատեսել ենք, որ այդ ներդրումների ծավալները պետք է էականորեն մեծանան: Սա շատ կարեւոր արձանագրում է: Ծրագրեր ենք իրականացրել ճանապարհաշինության, դպրոցաշինության, կրթության, ջրային ենթակառուցվածքների վերանորոգման ոլորտներում»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի համայնքներում կացկացվեն ավագանիների հերթական ընտրությունները: