Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի խնդիրները ստիպում են ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ փոխգործակցության նոր ձեւեր փնտրել եւ գտնել, ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը Համագործակցության անվտանգության համակարգում ռազմական համագործակցության դերի բարձրացումն է, դիմակայությունը միջազգային ահաբեկչությանը եւ այլ ռազմական մարտահրավերներին: Ազգային զինված ուժերի շահերից ելնելով` փորձարկվում են համագործակցության նոր ձեւեր, համակարգված կերպով դաշտային ուսուցման եւ ռազմական մասնագիտական ​​պատրաստության միջոցառումներ են իրականացվում»,- ասել է Բուլգակովը:

Նրա խոսքով` ԱՊՀ գործընկերների միջեւ «պահպանվում են ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացման դինամիկան եւ ընդհանուր վեկտորը»։ Այսօր ակնհայտ է, որ անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն համատեղ ջանքերով եւ համաձայնեցված գործողություններով, ընդգծել է զորավարը։

Ամփոփելով՝ Բուլգակովը նշել է, որ նիստն անցել է փոխըմբռնման մթնոլորտում եւ կնպաստի զարգացման ռազմավարության եւ զորքերի նյութատեխնիկական աջակցության կազմակերպման վերաբերյալ տեսակետների հետագա մերձեցմանը: