Հայաստանի իշխանությունները համատարած ապատեղեկատվություն չեն տարածում։ Այդ ձեւակերպումը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ նոյեմբերի 19-ին ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով իշխանությունների տրամադրած տեղեկատվության մասին հարցին՝ առաջնագծում հերթական սրման հետ կապված։

Քաղաքական գործչի կարծիքով՝ ոչ ճիշտ տեղեկատվության մեղավորներն այս անգամ եւս հայկական ԶԼՄ-ներն են։

«Բնականաբար, լարվածության պայմաններում ապատեղեկատվության ծավալները մեծանում են։ Ցավոք, ադրբեջանական ապատեղեկատվությունն ուղեկցվում է հայկական ԶԼՄ-ների ապատեղեկատվությամբ։ Այն հիմնականում  պատվիրվում է որոշակի քաղաքական խմբերի կողմից»,- ասաց պատգամավորը՝ ըստ էության  խուսափելով կոնկրետ հարցի պատասխանից։