Հայաստանի Հանրապետության և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS-ի) միջև ս/թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, նոյեմբերի 21-ին Դամասկոս է մեկնել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ ականազերծողները համաձայնագրի շրջանակներում իրականացնելու են Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքներ:

Նոյեմբերի 22-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի հետ։  Հանդիպման ընթացքում քննարկվել է իրականացվելիք ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև՝ հայ մասնագետների Սիրիայում աշխատանքների իրականացման հետ կապված մանրամասներ:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS) ղեկավարության, ինչպես նաև՝ Սիրիական տեղական իշխանությունների հետ։