Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 26-ին Սոչիում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացի եռակողմ բանակցություններից, առանձին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը կուրվագծեն Ղարաբաղում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ «Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք էին բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին, ինչպես նաեւ կուրվագծվեն Ղարաբաղում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։