Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ սկսեցին բերման ենթարկել «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներին, որոնք կաթվածահար էին արել մետրոյի աշխատանքը եւ կոչ էին անում երեկոյան մասնակցել Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքին:

Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված: Բերման ենթարկվողները բացականչում էին. «Նահանջել չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք մետրոյում ներկայացնում են իրենց պահանջները և հայտարարում, որ նահանջ չի լինելու։ «Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ Բողոքի ակցիան նաև ձեր երեխաների անվտանգության համար է, զինվորին պետք է զինեն, առաջնագիծը պետք է պաշտպանել։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները։

«Մեր նպատակն է թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել, կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը»,-ասացին նրանք: