Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը շարունակում է կրճատել իր մասնաբաժինն ընկերությունում, երեքշաբթի նա եւս 1.05 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մասկը նոյեմբերի 23-ին 934.000 բաժնետոմս է վաճառել՝ 2.15 միլիոն բաժնետոմս գնելու օպցիոնն օգտագործելուց հետո, ասվում է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերում:

Նոյեմբերի 8-ից, երբ Մասքը Twitter-ում հարցում էր նախաձեռնել՝ խոստանալով վաճառել Tesla-ի իր բաժնետոմսերի 10 տոկոսը, եթե սոցցանցի օգտատերերը քվեարկեն նման քայլի օգտին, նա արդեն վաճառել էր 9.85 մլրդ դոլարի 9.2 մլն արժեթուղթ, հարցվածների 58 տոկոսը քվեարկեց վաճառքի օգտին, հարցմանը մասնակցել էր ավելի քան 3.5 միլիոն մարդ։

Մինչ հարցումը Մասկին պատկանում էր Tesla-ի ավելի քան 17 տոկոսը։ Նրա բաժնեմասի արժեքը գնահատվում էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ 10 տոկոս բաժնետոմսերը (մոտ 17 միլիոն բաժնետոմս)՝ գրեթե 21 միլիարդ դոլար: Այդպես, որպեսզի 10 տոկոսանոց մասնաբաժինը իրացվի, Մասկը պետք է մոտ 7.9 միլիոնով ավել Tesla-ի արժեթղթեր վաճառի:

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նոյեմբերի 8-ից ընկել է 9 տոկոսով։ Երեքշաբթի դրանց արժեքը նվազել էր 4.1 տոկոսով։

The Wall Street Journal-ի հաշվարկներով` Մասկը ստիպված կլինի մոտ 3.5 միլիարդ դոլարի հարկեր վճարել՝ Tesla-ի բաժնետոմսերը գնելու վերջին օպցիոնների կիրառման պատճառով, եւ հարկային վճարումները կարող էին ավելի բարձր լինել, եթե բաժնետոմսերի գինը չնվազեր Twitter-ում նրա հարցումներից հետո: Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումը Մասկի համար խնայել է մոտ 480 մլն դոլար, գրում է պարբերականը։