Հունական «Aegean Airlines» ավիաընկերության ինքնաթիռը նոյեմբերի 24-ին իրականացրել է Լառնակա-Բաքու չվերթը Հայաստանի օդային տարածքով։

Flightradar24.com-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ ինքնաթիռը հատել է հայ-թուրքական սահմանը ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ, թռիչք է իրականացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի, ապա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վրայով եւ շարունակել թռիչքը դեպի Բաքու։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից առաջ, ադրբեջանական «AZAL»-ը թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու Հայաստանի օդային տարածքով։   

Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով «Ադրբեջանի ավիաուղիների» առաջին թռիչքի մասին հայտնի է դարձել 2021 թվականի հոկտեմբերին, երբ ընկերության ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով։