ԱԷՄԳ-ի տեսուչները գրեթե չեն կարողանում «երաշխավորել», որ գիտեն հարստացված ուրանի իրանական պաշարների քանակը, Թեհրան կատարած այցից հետո ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, հայտնում է AP-ն։

«Մեր բանակցություններն անարդյունք էին»,- Վիեննայում լրագրողներին ասել է Գրոսին: «Ես չեմ դադարեցնում ինչ-որ փոխըմբռնում գտնելու փորձերը, բայց երեկվա քննարկածի տեսանկյունից մենք չկարողացանք համաձայնագիր կնքել»։

Հարցին, թե արդյոք որեւէ առաջընթաց գրանցվե՞լ է, Գրոսին ասել է, որ «բովանդակային տեսանկյունից՝ ոչ, ակնհայտ է, որ մենք չենք կարողացել առաջընթացի հասնել»։ Սակայն, նրա խոսքով, իրանցի նոր պաշտոնյաների հետ ծանոթանալը «դրական պահ է» եւ «դա անպայման կօգնի»: