Մեր շարժման մեջ «սպիտակներ» կամ «սեւեր» չկան։ Այս շարժումը պայքարում է հայ ժողովրդի իրավունքների համար հայոց եռագույնի ներքո։ Այս մասին ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար, Ազատագրական շարժման առաջնորդներից Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով` իրենք բոլոր ցանկացողներին հաճույքով իրենց շարքերը կընդունեն։ «Եթե դուք համաձայն եք մեր պահանջներին, որոնք ուղղված են ներկայիս իշխանությանը, ապա մենք ուրախ ենք ընդունել ձեզ մեր շարքերը։ Եվ ես խնդրում եմ` այս շարժումը ձերը համարեք»,- Զոհրաբյանը կոչ արեց առաջին հերթին խորհրդարանական ընդդիմությանը։

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդիրներին՝ ընդդիմադիրը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունը՝ ի դեմս հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չի կարողանում պաշտպանել երկրի շահերը։ «Ի՞նչ եք կարծում` մեր երկրի նվաստացած ղեկավարն ի վիճակի՞ է պաշտպանել դրա շահերն առաջիկա բանակցությունների ընթացքում։ Կարծում ենք՝ ոչ։ Մենք կարծում ենք, որ նրան նվաստացուցիչ պայմաններ կպարտադրեն։ Մենք պահանջում ենք հրապարակել եղած փաստաթղթերը, սակայն, դրան ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է արդարացնել իր հրաժարվելը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրն ավելի ուշ կստորագրվի։ Հիմա, իբր, ինչ-որ հանձնաժողով է ձևավորվում»,- ասաց Ազատագրական շարժման առաջնորդներից մեկը։

Նրա կարծիքով, ոչ ընդդիմությունը, ոչ քաղաքացիները հիմք չունեն վստահելու ներկայիս իշխանությանը եւ նախկինում արված հայտարարություններին։