Եթե ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանը սահմանված լիներ օրենքով. այս դեպքում եւս դուք կդիտարկեիք, որ այդ պարտականությունն օրենքով սահմանված չէ՞։ Այս մասին Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցով քննությանը դիմող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին հարցրեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը։

Արամ Վարդեւանյանն ասաց, որ այդ դեպքում իրենք ավելի նվազ ձեւով կդիտարկեին խնդիրը.

«Եթե պարտականությունները սահմանված լինեին նման ձեւով, ապա խնդրի սահմանադրականության 39-րդ հոդվածի տեսանկյունից կնվազեր սահմանադրականության խնդիրը։ Հենց նույն օրենքում այն հիմնական կանոնները, որոնք իրացվում են, օրինակ՝ ինքնամեկուսացումը»։

Հրայր Թովմասյանը նաեւ հարցրեց՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը նշանակում է՝ պարտադիր նախնական բուժզննությունը, այդ մասով դիմողատուի դիրքորոշումը ո՞րն է, Վարդեւանյանը պատասխանեց.

«22-րդ հոդվածի կարգավորման առարկան չի նախատեսում հենց Սահմանադրության հենց 39-րդ հոդվածի պահանջի ամբողջական իրացումը այնպես, ինչպես որ հրամանը կարողանար համապատասխաներ օրենքով նախատեսված պարտականությանը։ Այն նախատեսում է որոշակի պարտականություն, բայց արդյոք այն նախատեսում է այն ծավալի պարտականությունը, որը հրամանում էր տեղ գտե՞լ՝ ոչ։ Այսինքն՝ այս հրամանով ծավալը դուրս է եկել»։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ իր հերթին հարցրեց՝ եթե հրամանը տեղափոխվեր օրենքում, այս պարագայում սահմանադրականության խնդիրը որտե՞ղ կտեսներ, Վարդեւանյանը պատասխանեց, որ խնդիրը կբարձրաձայնվեր համաչափության, որոշակիության եւ իրավունքի գերակայության տեսանկյունից.

«Ինձ մոտ տպավորություն է, որ պետությունը վերածվում է ոչ թե մարդու իրավունքներով սահմանափակված լինելու կոնցեպտի, այլ օրենքով մարդու փոխարեն մտածելու վարքագծի։ Իհարկե պետությունը պետք է կանոնակարգի մարդկանց վարքագիծը, բայց երբեք ոչ ի հաշիվ իրավունքի»։