Սեյդիսֆյորդուր քաղաքի մոտ պեղումներն անսպասելի հայտնագործության են հանգեցրել։ Հնագետները 9-րդ դարի վերջի-10-րդ դարի սկզբի չորս գերեզման են հայտնաբերել։ Գերեզմանների մեջ հարուստ արտեֆակտներ են դրվել, ինչը վկայում է հանգուցյալների սոցիալական բարձր դիրքի մասին։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջ» ճանաչողական պորտալը՝ վկայակոչելով The History Blog-ը:

Հատկանշական է, որ հետազոտողները նույնիսկ չէին էլ կասկածում, որ այս վայրում կարող են վիկինգների գերեզմաններ լինել։ Ենթադրվում էր, որ այս տարածքում ամենահին մնացորդները թվագրվում են 18-րդ դարով: Ըստ մասնագետների՝ 1150 թվականին այստեղ սողանք է եղել, ինչի արդյունքում Իսլանդիայում վիկինգների առաջին բնակավայրերից մեկի գոյության ապացույցները գետնի տակ են անցել:

Գերեզմաններից մեկը թաղման նավակ է։ Ամբողջ Իսլանդիայում ողջ ժամանակի ընթացքում հայտնաբերվել է ընդամենը 12 նման գերեզմանոց: Վերջերս հայտնաբերվածում նիզակ, արծաթե մատանի եւ բրոշ, ուլունքներ, գոտու ճարմանդ եւ սկանդինավյան սեղանի հնեֆատաֆլ է հայտնաբերվել:

Մարդկանցով մյուս երկու գերեզմաններում ձիու մնացորդներ են հայտնաբերվել, որոնցից մեկում եղել են նաեւ շան մնացորդներ։ Չորրորդ գերեզմանը պատկանում էր մի կնոջ։ Նրան թաղել էին մի զույգ օվալաձեւ ճարմանդներով եւ ապակե ուլունքով վզնոցով: Նրա գերեզմանում նաեւ կաշվե դրամապանակ էր հայտնաբերվել՝ նորվեգական հղկաքարով եւ կայծքարով: