Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականության գործով քննությանը ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ.-ի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված աշխատող անձանց կողմից հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության եւ պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։

Կողմերը առարկություններ չունեին միջնորդության վերաբերյալ։ Արեւիկ Պետրոսյանի միջնորդությունը բավարարվեց։

Գործով զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ նշեց, որ եթե իրավական հետեւանքների վերաբերյալ տեղեկատվություն է հայցվում, նաեւ պետք է նշվի այն իրավական ակտը, որը նախատեսում է ուղղակիորեն հետեւանք կամ պատասխանատվություն համապատասխան վարքագծից չշեղվելու համար։

Արեւիկ Պետրոսյանն արձագանքեց՝ Շաթիրյանը պատասխանատու հայտարարություն է անում. «Եթե պարոն Շաթիրյանը որպես գործով զեկուցող կատարում է այդ հայտարարությունը, որ նախարարի հրամանը հետեւանք չի առաջացնում, դա մեկ իրավիճակ է։ Դա որոշակի պատասխանատու հայտարարություն է, որը դուք հիմա կատարում եք եւ հրապարակային դատաքննության ընթացքում եք կատարում։ Եթե դուք այն համոզմանն եք, որ նախարարի կողմից սահմանված պահանջները իրավական հետեւանք չի առաջացնում, դա մի հանգամանք է»։

Շաթիրյան ասաց, որ իր հայտարարությամբ դա նկատի չի ունեցել. « Եթե ենթադրյալ իրավական հետեւանքների վերաբերյալ տեղեկատվություն ենք հայցում, մենք պետք է նաեւ հղում կատարենք այդ իրավական հետեւանքները կամ պատասխանատվությունը նախատեսող իրավական նորմերին»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն էլ նկատեց, որ կառավարությունը պարտավոր է այդ տեղեկություններն ունենալ, հետեւաբար Սահմանադրական դատարանին դրանց տրամադրումը կարող է լինել նաեւ երկօրյա կամ եռօրյա ժամկետում, մինչդեռ պատասխանող կողմի ներկայացուցիչը խնդրեց պահպանել հնգօրյա ժամկետի պահանջը։