Ես լսեցի իրենց կոչերը, ողջունում եմ այդ շարժումը. միավորում բառը գեղեցիկ է հնչում, բայց մարդիկ կարողանում են միավորել եւ ձեւավորել շարժում, եթե դրված է որոշակի խնդիր, կա ծրագիր եւ հեռանկարներ են ներկայացվում, թե ինչ  պետք է անել եւ կա ղեկավար մարմին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺՄ ղեկավար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե չի՞ միանալու փողոցում պայքարող շարժմանը:

«Առայժմ դա չկա, բայց ես կարծում եմ՝ կամաց-կամաց կձեւավորվի: Այո, արդեն ուշ է, մի տարի առաջ սա պետք է վերջացած լիներ»,-ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից Դիմադրության շարժում սկսելուն, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես այն ժամանակ ասացի, որ Հայրենիքի փրկության կոմիտեն պետք է շարունակի իր գործունեությունը: Կարելի է փոխել ֆորմատը, լիդերներին, բայց պետք չի գնալ ընտրությունների: Ցավոք սրտի, գնացինք ընտրությունների, ստացանք մի նոր իրավիճակ: Այս իրավիճակը դեռ պետք է մարսվի: Պատահական չի, որ ես երկար ժամանակ չէի խոսում, որովհետեւ անմիջապես ընտրություններից հետո անհնարին է ինչ-որ բան սկսելը: Հիմա կարծում եմ՝ ժամանակը հասունացել է: Միավորում, իհարկե, պետք է, բայց պետք է հստակ դնել խնդիրը, պետք է ունենալ ծրագիր, թե ինչ հեռանկարներ կունենա Հայաստանը այդ խնդիրն իրականացնելով եւ պետք է լինի ղեկավար մարմին, թե չէ քաոսային շարժում կլինի»:

Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ առանց փողոցի ոչինչ չի ստացվի. «Ազգային ժողովը որեւէ հարց լուծել չի կարող: Ազգային ժողովը կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը, որովհետեւ լեգիտիմ  մարմին է: Հարցերը երբ փողոցը բերի դե ֆակտո իշխանության, ԱԺ-ն կարող է դա ձեւակերպել, բայց ԱԺ-ն ինքը լուծել խնդիրները չի կարող: ԱԺ-ն կարեւոր գործիք է, որը պետք է օգտագործել»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ չի հետեւում ԱԺ-ի աշխատանքին, որովհետեւ ԱԺ-ի այդ բանավեճերից շատ օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը: