ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։

Դատական նիստը մեկնարկեց գործով մեղադրող դատախազի կողմից Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ընթերցումով, որին որպես արձագանք Վազգեն Մանուկյանի աջակիցները վանկարկեցին՝ «ամոթ»։

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց՝ 1988 թվականից զբաղվում է քաղաքականությամբ՝ եւ՛ որպես իշխանություն, եւ՛ որպես ընդդիմություն, հազարավոր ելույթներ է ունեցել, բացատրություններ, հոդվածներ ունեցել։ Նա մեղադրող կողմին ասաց, որ նրանք իր խոսքից մի մաս են վերցրել ու պնդում են, թե դրանք քրեորեն պատժելի հայտարարություններ են.

«Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ 33 տարվա խոսքերից ոչ մեկից չեմ հրաժարվում, այդ թվում նաեւ այս խոսքերից։ Ես նպատակահարմար չեմ գնում մեկնաբանել իմ ասածները։ Այսինքն՝ երկու կողմի իրավաբանները թող իրար հետ վիճեն, առայժմ ես միայն կդիտեմ, տեսնեմ՝ ոնց են համոզում, որ դա քրեորեն պատժելի է։ Ես մեղադրանքը չեմ ընդունում, ոչ մի խոսքից չեմ հրաժարվում»։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։