Շատ երկրների իշխանություններ մտադիր են էլեկտրաթիռներ օգտագործել` զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար։ Չինաստանը, Սինգապուրը, Ճապոնիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հարավային Կորեան եւ այժմ Ֆրանսիան պատրաստվում են այդ մեքենաներով ավիափոխադրումների իրականացումը զուգադիպեցնել տարբեր սպորտային եւ տնտեսական իրադարձությունների հետ: Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի հյուրերը կկարողանան օդով տեղաշարժվել Ֆրանսիայի մայրաքաղաքի երկու օդանավակայանների միջեւ։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական իշխանություններն այժմ աշխատում են երկու օդային երթուղիների կազմակերպման հարցով՝ Փարիզի արվարձանների երկու օդանավակայանների, ինչպես նաեւ  Ֆրանսիայի մայրաքաղաքից դուրս գտնվող երկու այլ տարածքների միջեւ զբոսաշրջիկներին տեղափոխելու համար։ Ամենայն հավանականությամբ, հեռավորությունը, որով ինքնաթիռը կտեղափոխի ուղեւորներին, կչափվի մի քանի տասնյակ կիլոմետրերով:

Նախագծում արդեն ներգրավվել են Volocopter-ը, Airbus-ը, Vertical Aerospace Group-ը, Lilium-ը եւ Joby Aviation-ը: Ֆրանսիայի իշխանությունները Փարիզի արվարձաններում հատուկ փորձադաշտ են տրամադրել, որը կօգտագործվի 2024 թվականին թռիչքների համար հարմար մեքենաների ընտրության համար։ Փորձարկողները կկենտրոնանան ինքնաթիռների աղմուկի եւ թրթռումների չափումների, քարշող մարտկոցների պահպանման եւ լիցքավորման վրա, ինչպես նաեւ ֆրանսիական օդանավակայանների կողմից օգտագործվող թռիչքների` անվտանգության գործող համակարգին ինտեգրման վրա:

Ճապոնիայում արդեն 2025 թվականին նախատեսվում է կոմերցիոն օդային ուղեւորափոխադրումներ գործարկել։ Եվրոպական կարգավորիչները խոստացել են համապատասխան օրենսդրական դաշտը նախապատրաստել հենց մինչեւ 2024 թվականը, երբ Փարիզում կսկսեն գործել թռչող տաքսիները։ Հարավային Կորեայի խոշոր քաղաքներում նման մեքենաները կսկսեն գործել 2025 թվականին։ Առաջիկա հինգ տարիներին Hyundai Motor-ն ակնկալում է ոչ միայն էլեկտրաթիռների արտադրություն սկսել, այլեւ այս բիզնեսը դարձնել իր եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։ Կորեական ընկերության պլանի համաձայն՝ ժամանակի ընթացքում ինքնաթիռները կգործեն առանց օդաչուի՝ դրանով իսկ մեծացնելով իրենց բեռնվածությունը։