Իտալիան եւ Ֆրանսիան համաձայնագիր են ստորագրել Եվրոպայում երկկողմ կապերի ամրապնդման եւ համակարգման մասին, հայտնում է Reuters-ը։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի Քվիրինալի պալատում հայտարարել են նոր պայմանագիր կնքելու մասին:

«Սա պատմական պահ է մեր երկու երկրների հարաբերություններում։ Ֆրանսիան եւ Իտալիան շարունակում են ամրապնդել դիվանագիտական, առեւտրային, քաղաքական եւ մշակութային կապերը»,-ասել է Դրագին։

Մակրոնը նշել է, որ Քվիրինալի պայմանագիրը կասկածի տակ չի դնում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունները, այլ ուղղված է ողջ Եվրոպայի զարգացմանը։ «Մեր նպատակն է ունենալ ավելի ուժեղ եւ ինքնիշխան Եվրոպա… Եվրոպա, որը գիտի, թե ինչպես պաշտպանել իր սահմանները եւ պաշտպանել ինքն իրեն»,-ասել է Մակրոնը։