Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընթացող ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց գործով մեղադրող դատախազին՝ պատասխանել, թե ինչ է նշանակում մեղադրանքում առկա «բռնություն», «սահմանադրական կարգ» հասկացությունները։

Նշենք, որ Մանուկյանին առաջադրված մեղադրանքում նշված է՝ «Մանուկյանն իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել», պաշտպանը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ի՞նչ են հասկանում «բռնություն» հասկացության տակ։

«Բռնությունը նույնն է՝ ինչ ասել է Վճռաբեկ դատարանը «ծեծի» վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշմա՞ն մեջ»,- հարցրեց Ալեքսանյանը։

Դատախազն էլ նշեց, որ այդ հարցերին հանգամանորեն կանդրադառնա մեղադրական ճառում։

«Երբ մեղադրանքի պատճաբանական մասը կարդում եմ՝ որեւէ բռնության հատկանիշ չեմ տեսնում։ Անկեղծ ասած՝ ես այսօր պատկերացնում էի, որ դատախազը պետք է գա, մեղադրանքից հրաժարվի»,- ասաց Մանուկյանի պաշտպանը։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։