ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ կապված այսօր Երևանում քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին բերման և վարչական ձերբակալման ենթարկելու հետ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի է ունեցել առանձնազրույցներ Արա Զոհրաբյանի և մյուս բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ օրենքից չէր բխում այսօր Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործողությունները՝ առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ: Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը:

Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այսօրվա, այնպես էլ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է այսօր նաև ակցիա իրականացնող այլ անձանց նկատմամբ:

Այս պրակտիկան պետք է բացառվի.  վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները: