Սյունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետը ռեալ ինֆորմացիան տվել է, որ ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրելու, ոչ մի փաստաթուղթ չկա ստորագրելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

«Սահմանազատում, սահմանագծում հասկացողությունը դեռ չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով Սյունիքի համայնների խնդիրներին, մարզպետն ասաց. «Սահմանամերձ գյուղերը մենք պետք է համաչափ զարգացնենք եւ պաշտպանությունը, եւ բարոյահոգեբանական վիճակը, իսկ հույսներս միայն մեր վրա պետք է դնենք: Երբ մենք մեր խնդիրը պատվով կատարենք, ոչ մի բան չի լինելու, 100 տոկոսով եմ ասում: Նենց չի, որ թշնամին մեզնից ուժեղ է: Մենք այսօր կոտրվել ենք, որ միասնական չենք, կոտրվել ենք, որ գաղտնիության ռեժիմը չենք պահպանում: Բայց կգա ժամանակը, ամեն ինչ կանենք: Գաղտնիության ռեժիմը պետք է պահպանենք, որ առաջին գծի զինվորը լավ բան լսի, լավ բան կատարի»:

Դիտարկմանը, որ Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանը հայտարարել է, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իր մտահոգություններն ավելի են մեծացել, մարզպետն արձագանքեց. «Կարոյին էնքան զենք-զինամթերք ունի, որ եթե իր պարտականությունը կատարի, մենք ամեն ինչով պատրաստ կլինենք: Այս պահին ես կարող են գնահատել իրենք պատրա՞ստ են, թե ոչ, իրենց պատրաստականությունը որպես Սյունիքի «Երկրապահի» նախագահ եւ որպես Սյունիքի մարզպետ: Խոսքը մի բան է, իրական պատրաստ լինելն ուրիշ բան: Էնքան խոսել են սուտ-մուտ, եկեք մեր աչքով տեսնենք՝ ինչի՞ են պատրաստ, ո՞ւմ հետ են համագործակցում: Դա ամենօրյա աշխատանք է, գործով պետք է պատրաստ լինեն»,-ասաց նա: