Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կարեւոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված աշխատանքը։

Մամուլի համար բաց մասում Ալիեւը նշել է, որ այս տարվա ընթացքում Բաքուն եւ Մոսկվան պահպանել են ակտիվ երկխոսությունը, նախագահները հանդիպել են, ինչպես նաեւ հեռախոսազրույցներ ունեցել։ Նա դրական է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան։ Ադրբեջանի նախագահը նաեւ ցավակցություն է հայտնել ՌԴ նախագահին՝ կապված Կեմերովոյի մարզում հանքում տեղի ունեցած ողբերգության հետ։

Նրա խոսքով՝ շատ հարցեր լուծվել են երկկողմ ձեւաչափով։ «Այսօր մենք հարաբերությունները բնութագրում ենք որպես ռազմավարական գործընկերների հարաբերություններ։ Սա պարզապես արտահայտություն չէ, այլ՝ իրականություն։ Եվ մենք հաստատակամ ենք՝ էլ ավելի բարձրացնելու մեր հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում։ Առեւտրաշրջանառությունն աճում է, փոխադարձ մեծ հետաքրքրություն կա տնտեսական համագործակցության նկատմամբ, այդ թվում՝ գործարար շրջանակների միջեւ։ Եվ, իհարկե, մենք շատ գոհ ենք, որ մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ։ Այժմ մենք իրագործում ենք 7 ճանապարհային քարտեզ տնտեսության, տրանսպորտի, հումանիտար համագործակցության ոլորտներում»,-հավելել է Ալիեւը։ 

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Ադրբեջանում ռուսաց լեզվի պահպանման վերաբերյալ գնահատականի, ինչպես նաեւ Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողների համար ուսման հիանալի հնարավորություններ ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ավելի քան 15 000 քաղաքացի է սովորում ռուսական բուհերում, ստանում լիարժեք կրթություն եւ ավտոմատ կերպով դառնում կամուրջ երկու երկրերի միջեւ։

«Իհարկե, այսօր մանրամասն կխոսենք հայ-ադրբեջանական խնդիրների մասին։ Պետք է նշեմ, որ այս տարի եւ այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ ուժերը սկսեցին գործունեությունը անցած տարվա նոյեմբերի 10-ից, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր, բախումներ եւ որեւէ լուրջ իրադարձություն չի եղել։ Եղել են միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին, սակայն դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ։ Այնուամենայնիվ, դա, իհարկե, ստիպում է մեզ մանրամասն քննարկել այդ թվում եռակողմ ձեւաչափով, թե ինչպես վերահսկել ռիսկերը, նվազագույնի հասցնել դրանք եւ աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում, Ռուսաստանի Դաշնության կառավարության ներկայացուցիչների եւ իհարկե ռուս խաղաղապահների դերը Ղարաբաղում խաղաղության պահպանման գործում։ Եվ մենք հույս ունենք, որ հաջորդ տարի աշխատանքները կշարունակվեն, եւ լավ արդյունքներ կլինեն»,-ասել է Իլհամ Ալիեւը։

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում տեղի կունենա նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպումը։