«Հավաքների ազատության մասին» օրենքի և «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, երբ ոստիկանը տեսնում է բողոքի ակցիա իրականացնող քաղաքուցու, պարտավոր է նախ ներկայանալ, դրանից հետո տեղեկանալ ինչի մասին է խոսքը, հաղորդակցվել հավաքի կազմակերպչի հետ, եթե տեսնի ապօրինի է, հավաքը դադարեցնելու պահանջ ներկայացնի և տրամադրի ողջամիտ ժամկետ։ ոստիկանության Կենտրոնական բաժնից դուրս գալով լրագրողների հետ զրույցում օրենքները հակիրճ ներկայացրեց Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն, ում այսօր ոստիկանները փողոցը փակելու ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել։

«Այդ ժամկետը լրանալուց հետո ոստիկանը երկու անգամ դադարեցնելու պահանջ է ներկայացնում, չկատարելու դեպքում կարելի է ուժ կիրառել»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով, իր դեպքում ոստիկանական մեքենան կանգել է, ոստիկաններն իջել են ու առանց ներկայանալու, միանգամից մոտեցել ու ֆիզիկական ուժ են կիրառել իր նկատմամբ՝ ապօրինի բերման ենթարկելով։ Ա. Զոհրաբյանն ընդգծեց, որ սա մարդկանց ակնհայտ ապօրինի բերման ենթարկելու և մարդու իրավունքների վրա թքած ունենալու իրենց գործելակերպն է։

Փաստաբանը խոսեց նաև հենց ոստիկանության Կենտրոնական բաժնում տիրող «անառողջ մթնոլոտի մասին». «Քաղաքացիական հագուստով պատահական մարդիկ, տարբեր ոստիկանական հագուստներով, կիսահագնված մարդիկ մոտենում են քաղաքացիներին, հարցնում՝ ինչու դիմակ չես դրել, ինչու սա չես անում, որևէ մեկին չեն ներկայանում։ Երբ ասում ես՝ ներկայացրու վկայականդ, չեն ներկայացնում։ Նորություն չէ ոստիկանության նման թքած ունենալու վարքագիծը»։

Փաստաբանն ընդգծեց, որ այսուհետև զբաղվելու են նաև ոստիկանության ապօրինի գործելակերպով, 1990-ական թվականները չեն։

«Պատկերացրեք, այսօր մենք՝ փաստաբաններս, իրավունքի պաշտպանության խնդիր ունենք, էլ չեմ ասում՝ մեր պաշտպանյալներին ինչպե՞ս ենք պաշտպանելու։ Բայց երբեք փաստաբանին ոստիկանով չեն կարող վախեցնել»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Ըստ նրա, ոստիկաններին հրահանգված է եղել ցրել իրենց այսօրվա ակցիան։

«Իսկ մենք ակցիա էինք անում ցույց տալու մեր անհամաձայնությունը, պնդելու, որ Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ մեր անունից բանակցել, մեր շահերին հակասող որևէ գործարք կատարել կամ կնքել»,- ասաց Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանը։