Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից և հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական միության (ԵՄ) կողմից, ներդրումային համաձայնագիր է ստորագրել հայկական բնական հյութերի և մթերային պահածոների առաջատար արտադրող «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ի հետ, որը գործում է այնպիսի հայտնի ապրանքանիշերի ներքո, ինչպիսիք են Yan-ը և Sis-ը:

Հայաստանի մասնավոր կապիտալի շուկայի համար աննախադեպ գործարքի շրջանակում հիմնադրամը ձեռք է բերում ՍԻՍ Նատուրալի զգալի փոքրամասնային մասնաբաժին՝ նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով: Ներդրումներից ստացված գումարը նախատեսված է կապիտալ ծախսերի ֆինանսավորման և շրջանառու կապիտալի սպասարկման համար՝ ընկերության գործունեությունն ընդլայնելու, մրցունակության բարձրացման և ֆինանսական հաշվեկշռի օպտիմալացման համար:

Հիմնադրամի մանդատի համաձայն՝ ներդրումը միտված է արժեք ստեղծել ոչ միայն սեփական կապիտալի տրամադրման, այլև բնապահպանական ու սոցիալական լավագույն ստանդարտների և կորպորատիվ կառավարման ներդրման, ինչպես նաև ֆինանսական թափանցիկության բարձրացման միջոցով՝ որպես ընկերության կայուն աճի ռազմավարության կարևոր բաղադրիչներ:

Ակնկալվում է, որ ՍԻՍ Նատուրալում կատարվող ներդրումների շնորհիվ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր: Ծրագիրը կնպաստի նաև ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին և կխթանի երկրի արտահանման ներուժը:

Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ընդգծել է ներդրման կարևորությունը ինչպես կողմերի, այնպես էլ տնտեսության համար. «Սա նշանակալի գործարք է Հայաստանի մասնավոր կապիտալի շուկայի համար, որը ի ցույց է բերում ինստիտուցիոնալ ներդրումային զգալի կարողությունները և սկիզբ է հանդիսանում կորպորատիվ կառավարման լավագույն չափանիշների ներդրմանը: Այս գործարքը նաև արտացոլում է Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության բարձր ցուցանիշը։ Մենք շատ ոգևորված ենք «ՍԻՍ Նատուրալի» հետ համագործակցությամբ և բիզնեսը զարգացման հաջորդ մակարդակ բարձրացնելու հեռանկարով»:

ՍԻՍ Նատուրալի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր հերթին նշել է. «Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, և այժմ ժամանակն է կատարել հաջորդ քայլը՝ համագործակցելով ինստիտուցիոնալ ներդրողի հետ: Հետևաբար, մենք ուրախ ենք և ողջունում ենք նման բարձր համբավ ունեցող նոր բաժնետիրոջը: Հիմնադրամի փորձառությունն ու աջակցությունը մեզ թույլ կտա զարգացնելու բիզնեսը կայուն ձևով՝ ուշադրությունը կենտրոնացնելով կորպորատիվ կառավարման վրա, ինչը շատ դժվար է իրագործել ՓՄՁ-ների համար՝ միայն ներքին ռեսուրսների օգտագործմամբ: Առաջիկա տարիներին ակնկալում ենք հաջող և արդյունավետ համագործակցություն Ամբեր Կապիտալի հետ»: