Շատ հարցեր կարելի է լուծել եռակողմ եւ նույնիսկ երկկողմ ձեւաչափով։ Այս մասին Սոչիում ԶԼՄ-ների համար բաց մասում ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շնորհակալություն հայտնելով հանդիպում կազմակերպելու եւ հրավիրելու համար՝ Փաշինյանը նախ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՌԴ-ում հանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Ակնհայտ է ձեր անձնական դերը եւ Ռուսաստանի Դաշնության դերը անցյալ տարի պատերազմը դադարեցնելու գործում, եւ նոյեմբերի 9-ից հետո ռուսական խաղաղապահ ուժերն արդեն տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն ու Ռուսաստանի Դաշնությունը առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակն այնքան կայուն չէ, որքան մենք կցանկանայինք, անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո արդեն մի քանի տասնյակ մարդ է զոհվել երկու կողմից, միջադեպեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղում, իսկ այս տարվա մայիսի 12-ից ունենք ակտիվ ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը ո՛չ սահմանազատված է, ո՛չ սահմանագծված, սակայն գոյություն ունի պետական ​​սահման, եւ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է»,-շեշտել է Փաշինյանը։

Միաժամանակ նա չի համաձայնել Ադրբեջանի նախագահի այն գնահատականին հետ, որ եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացառությամբ հաղորդակցությունների ապաշրջափակման, կատարվել են։ «Դուք գիտեք, եւ մենք բազմիցս թե՛ անձամբ, թե՛ հեռախոսով քննարկել ենք, որ կա պատանդների, ռազմագերիների, անազատության մեջ գտնվող անձանց խնդիր։ Սա շատ կարեւոր մարդասիրական խնդիր է»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է, որ այսօր իրենք հավաքվել են ոչ միայն խնդիրները հնչեցնելու, այլ նաեւ առկա հարցերը լուծելու համար։  

«Ես նաեւ բազմիցս ասել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Շատ կարեւոր է նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման։ Մենք անկեղծորեն շահագրգռված ենք հարցերի լուծմամբ»,-վստահեցրել է Փաշինյանը։

Նշելով հայկական կողմի դիրքորոշումը՝ վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Նրա խոսքով՝ շատ հարցեր կարող են եւ պետք է քննարկվեն եւ լուծվեն եռակողմ եւ նույնիսկ երկկողմ ձեւաչափերով։ «Արդեն ուրվագծված են ուղիղ շփումները Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ։ Պետք է ընդգծել նաեւ, որ ոչ այնքան դրական նրբերանգների ֆոնին կան նաեւ դրականներ։ Այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը ոչ միայն առկա խնդրի բարձրաձայնումն է, այլ այն, որ կարողանանք կոնկրետ լուծումներ գտնել հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։ Մեր պատասխանատվությունը խաղաղությունն է, կայունությունը եւ մարդկանց անվտանգությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։