Կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամին, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, տրվել է հունարեն Օմիկրոն տառի անվանումը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

«Հիմք ընդունելով ներկայացված ապացույցները, որոնք ցույց են տալիս COVID-19-ի համաճարակաբանության վնասակար փոփոխությունը, խորհրդատվական խումբը ԱՀԿ-ին խորհուրդ է տվել այս տարբերակը նշել որպես մտահոգիչ տարբերակ, եւ ԱՀԿ-ն այդպիսին է համարել B.1.1.529-ը՝ դրան տալով Օմիկրոն անվանումը», - ասվում է վարակների էվոլյուցիայի վերաբերյալ տեխնիկական խորհրդատվական խմբի արտակարգ նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ:

Տեխնիկական խորհրդատվական խմբի գնահատակններով՝ Օմիկրոն նոր տարբերակն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգությունների տեղիք են տալիս:

«Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ այս տարբերակով կրկնակի վարակվելու ռիսկը մեծանում է մտահոգություն առաջացնող այլ տարբերակների համեմատ: Այս շտամով վարակվածների թիվն ավելանում է Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր նահանգներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ի տերմինաբանության համաձայն՝ մտահոգիչ վարակի տարբերակները բնութագրվում են փոխանցման արագության աճով: Բացի այդ, նման տարբերակները կարող են նվազեցնել առկա ախտորոշիչ միջոցների, պատվաստանյութերի եւ թերապիայի արդյունավետությունը: